National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
18.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
17.12.2015
Շարունակվել է ԱԺ արտահերթ նստաշրջանի աշխատանքը
1 / 10

Ազգային ժողովը դեկտեմբերի 17-ին շարունակել է արտահերթ նստաշրջանի աշխատանքը՝ քվեարկությամբ ընդունելով նախորդ օրը քննարկված օրենսդրական նախաձեռնությունները:

Այնուհետեւ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի առաջին տեղակալ Արթուր Առաքելյանը, ավարտելով «Երկաթուղային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ եզրափակիչ ելույթը, առաջին ընթերցումով քննարկման է ներկայացրել «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթը: Նախագծերի ընդունման դեպքում կկանոնակարգվի հանրապետության տարածքում եւ հանրապետություն մուտք գործող ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով փոխադրումներ իրականացնող, չմասնատվող բեռներ փոխադրող ծանրաքաշ տրանսպորտային միջոցների աշխատանքը եւ դրանց վերահսկողությունը, ինչպես նաեւ կնվազեն ճանապարհների վերականգնման համար ծախսվող միջոցները: Առաջարկվող փոփոխությամբ կարգելվի 40 տոննայից ավելի մասնատվող բեռների փոխադրումը, ինչպես նաեւ տրանսպորտային միջոցի երթեւեկությունը, եթե մեկ սռնու վրա ընկնող բեռնվածքը կգերազանցի 11,5 տոննան: Բացառություն կկազմեն չմասնատվող բեռները եւ փոխադրվող տրանսպորտային միջոցները, որոնց երթեւեկությունը կիրականացվի հատուկ թույլտվության տրամադրման դեպքում: Նախատեսվում է հատուկ թույլտվության տրամադրման համար գանձել 100.000 դրամի չափով պետական տուրք:

ԱԺ պատգամավորները բազմաթիվ հարցեր են ուղղել հիմնական զեկուցողին, որոնք վերաբերել են ոլորտում օրենսդրական փաթեթի ընդունման իրական ազդեցությանը, բեռների տեղափոխման համար փոխադրողների կողմից վճարումների մեխանիզմներին, թույլատրելի քաշի պահպանման հարցում վերահսկողությանը եւ այդ հարցում կոռուպցիոն ռիսկերի հնարավորությանը, թույլատրելի քաշը գերազանցելու դեպքում տուգանքների կիրառմանը, ճանապարհների ծածկույթի դիմացկունությանը, արտահանման եւ ներմուծման տեսանկյունից օրենսդրական առաջարկի ունեցած ազդեցությանը եւ այլ խնդիրների:

Փաթեթի վերաբերյալ իրենց տեսակետներն ու մտահոգություններն են ներկայացրել պատգամավորները: Վահան Բաբայանը ողջունելի համարելով գաղափարը, նշել է, որ փաթեթում առկա որոշ դրույթներ վերանայման կարիք ունեն: Ըստ նրա՝ պետք է համակողմանի քննարկել ճանապարհներին վերաբերող հարցը, դիտարկել Հայաստանի ճանապարհները տարանցիկ դարձնելու հնարավորությունը: Միքայել Մելքումյանը ներկայացրել է իր մտահոգությունները, հարց բարձրացրել, թե ինչ ազդեցություն կունենա փաթեթի ընդունումը բիզնես ոլորտի վրա: Նա անհրաժեշտ է համարել համակողմանի գնահատել բոլոր ռիսկերը: Հեղինե Բիշարյանն անհասկանալի է համարել փաթեթի հապճեպ ընդունումը, խոսել Հայաստանի ճանապարհների որակից, անհասկանալի համարել, թե ինչու պետք է ճանապարհները վնասվեն 40 տոննայից ավելի բեռնափոխադրման դեպքում, երբ դրանց վրա մեծածավալ գումարներ են ծախսվել եւ ծախսվում: Հովհաննես Մարգարյանը եւս մտահոգիչ է համարել քննարկվող օրենսդրական փաթեթը եւ անդրադարձել հնարավոր չարաշահումներին եւ կոռուպցիոն ռիսկերին: Նա անընդունելի է համարել ճանապարհները տարբերակված օգտագործելու մոտեցումը:

Օրենսդրական փաթեթի վերաբերյալ իրենց դիրքորոշումն են ներկայացրել ԱԺ խմբակցությունները:

«Օրինաց երկիր» խմբակցության բացասական տեսակետը ներկայացրել է խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը: Ըստ նրա, փաթեթի ընդունումը կխոչընդոտի գործարարությանը եւ բեռնատար մեքենաների շարժը: Նա անհրաժեշտ է համարել հետաձգել փաթեթի քննարկումը եւ լրամշակել մտահոգիչ դրույթները: Նա տեղեկացրել է, որ «Օրինաց երկիր» խմբակցությունը դեմ է քվեարկելու օրենսդրական փաթեթին:

Եզրափակիչ ելույթում ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի առաջին տեղակալ Արթուր Առաքելյանն անդրադարձել է պատգամավորների մտահոգություններին եւ տվել պարզաբանումներ:

ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի առաջին տեղակալ Արթուր Առաքելյանը երկրորդ ընթերցմամբ քննարկման է ներկայացրել «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով: Նա նշել է, որ ՀՀ կառավարությունն ընդունել է պատգամավորների առաջարկները:

Խորհրդարանն այնուհետեւ քննարկել է 2015 թվականի նոյեմբերի 4-ին Երեւանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության եւ Եվրասիական զարգացման բանկի միջեւ «Եվրասիական տնտեսական ընկերակցության հակաճգնաժամային հիմնադրամի միջոցներից ֆինանսական վարկի տրամադրման մասին» համաձայնագիրը, որը ներկայացրել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը: Համաձայնագրով նախատեսվում է Հայաստանի Հանրապետությանը տրամադրել 300 մլն ԱՄՆ դոլար գումարի չափով վարկ, որն ուղղված է հիմնական կարճաժամկետ եւ միջնաժամկետ ռիսկերի չեզոքացմանը, ինչպես նաեւ տնտեսական աճի ավելի բարձր տեմպերի ապահովման գործում խոչընդոտների վերացմանը: Վարկի մարման ժամկետն առավելագույնը 20 տարի է, որից արտոնյալ ժամկետը 10 տարի է, տոկոսադրույքը ֆիքսված է՝ տարեկան 2.1 տոկոս, վարկի սպասարկման գծով վճարումների հաճախականությունը կիսամյակային է, վարկը հատկացվելու է երեք մասնաբաժնով՝ յուրաքանչյուրը 100 մլն ԱՄՆ դոլար:

Ատոմ Ջանջուղազյանը պատասխանել է պատգամավորների հարցերին, որոնք հիմնականում վերաբերել են վարկերի օգտագործման արդյունավետությանը:

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունն է ներկայացրել հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը:

Համաձայնագրի վերաբերյալ իրենց տեսակետներն են ներկայացրել պատգամավորները: Հովհաննես Մարգարյանը, Վահան Բաբայանը, Նաիրա Զոհրաբյանը, Միքայել Մելքումյանը, Տիգրան Ուրիխանյանը, Վահե Էնֆիաջյանը, Հեղինե Բիշարյանն իրենց ելույթներում անդրադարձել են Հայաստանին տրվող վարկերի օգտագործման արդյունավետությանը, վարկերի ծախսման ուղղություններին, արտաքին պահուստներին, մեր երկրում իրականացվող տնտեսական քաղաքականությանը, արտաքին պարտքի ավելացմանը:

Հարցի վերաբերյալ իրենց տեսակետներն են ներկայացրել նաեւ ԱԺ խմբակցությունները:

«Օրինաց երկիր» խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանի խոսքով՝ այս վարկի տրամադրումն ուղղված է միայն բյուջեի դեֆիցիտի նվազեցմանը: Պատգամավորն անդրադարձել է մեր երկրի արտաքին պարտքի ավելացմանը՝ նշելով, որ այս վարկը չի նպաստելու տնտեսության զարգացմանը:

Ներկայացնելով ԲՀԿ խմբակցության տեսակետը՝ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը կոչ է արել առաջիկայում քննարկել իրենց խմբակցության առաջարկը՝ այն է՝ վարկերի օգտագործման շուրջ անվստահության մթնոլորտը հաղթահարելու նպատակով ստեղծել ժամանակավոր հանձնաժողով:

Եզրափակիչ ելույթում Ատոմ Ջանջուղազյանն անդրադարձել է ելույթներում հնչած մտահոգություններին, տվել է պարզաբանումներ:

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել է «Գյուղատնտեսական կոոպերատիվների մասին» եւ «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը:

Այնուհետեւ պատգամավորները քննարկել են Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ 2015 թվականի դեկտեմբերի 10-ին ստորագրված «Զարգացման քաղաքականության երրորդ վարկ» վարկային համաձայնագիրը, որը ներկայացրել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը: Ըստ նրա՝ փաստաթղթով նախատեսվում է 25 տարի մարման ժամկետով Հայաստանին տրամադրել 50 մլն ԱՄՆ դոլարի չափով վարկ՝ «Զարգացման քաղաքականության երրորդ վարկ» ծրագրի իրականացման համար:

ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արտաշես Բախշյանը պատգամավորների քննարկմանն է ներկայացրել Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ 2015 թվականի հոկտեմբերի 19-ին ստորագրված «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր- Արդյունքների վրա հիմնված փոխատվություն» (հատուկ գործառնություններ) վարկային համաձայնագիրը: Ըստ հիմնական զեկուցողի՝ ծրագրի նպատակն է նպաստել դպրոցների ամրացման վերականգնման ծրագրի իրականացմանը, մասնավորապես նախատեսվում է բարձրացնել դպրոցների շենքերի սեյսմակայունությունը, հզորացնել սեյսմիկ աղետի պատրաստվածությունը եւ արձագանքման կարողությունները:

ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը ներկայացրել է ՀՀ Վերահսկիչ պալատի 2016 թվականի գործունեության տարեկան ծրագիրը: Հիմնական զեկուցողը նշել է, որ առաջին անգամ վերահսկողության բոլոր թեմաները ներկայացվել են ըստ բյուջետային ծրագրերի, որոնք թվով 11-ն են: Նշվել է, որ կառույցը հաջորդ տարի վերահսկելու է դեռեւս չստուգված կամ շարունակական ծրագրերը:

ՎՊ նախագահը նաեւ ներկայացրել է ՀՀ Վերահսկիչ պալատի 2014 թվականի տարեկան հաշվետվությունը: Նա նշել է, որ իրականացված վերահսկողության հիմնական արդյունքներն ամփոփվել են 11 ոլորտներում, դրանք են՝ ներդրումային միջավայր, ֆինանսներ, հանրային ծառայությունների կարգավորում, կրթություն, առողջապահություն, գյուղատնտեսություն, քաղաքաշինություն, ճանապարհաշինություն, տեղական ինքնակառավարում եւ տարածքային կառավարում, ընդերքօգտագործում, անշարժ գույքի պետական գրանցում: Խոսելով հաշվետվությունից՝ Իշխան Զաքարյանը մասնավորապես մտահոգիչ է համարել շինարարության ծրագրավորման եւ նախագծահաշվային փաստաթղթերի կազմանն աշխատանքների որակի վերահսկողությունը: Այս համատեքստում նշվել է, որ ՎՊ մասնագետների օգնությամբ կազմվել է մի ծավալուն փաստաթուղթ, որը վերաբերում է շինարարության ոլորտում կիրառվող տոկոսների խնդրին: Իշխան Զաքարյանը նաեւ պատասխանել է պատգամավորների հարցերին:

ԱԺ արտահերթ նստաշրջանը կշարունակվի դեկտեմբերի 18-ին:






18.05.2024
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ժնեւում էր
ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով  Շվեյցարիայում էր:  Ժնեւում Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի, Կանադայի սենատի նախագահի եւ Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ: ԱԺ նախագահը մասնակցել է Միջխորհրդարանական միության խորհրդար...

18.05.2024
Ալեն Սիմոնյանը Ժնեւում հանդիպել է Կանադայի սենատի նախագահի եւ Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Միջխորհրդարանական միության (IPU) խորհրդարանների նախագահների վեցերորդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի նիստի շրջանակում հանդիպումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահ Ռեյմոնդ Գանյեի եւ Քաթարի խորհրդարանի փոխխոսնակ Համդա բինթ Հասսան Ալ-Սուլեյթիի հետ: Ք...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am